Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն Ադրբեջանի նախագահներից միակ զուսպը, հանդուրժողը եւ ընդունելին էր, եւ 20 տարի անց նա բացեիբաց ներկայացնում է մինչ այժմ չհրապարակված մանրամասներ: Այդ մասին այսօր` մարտի 18-ի մամուլի ասուլիսում, հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանն` անդրադառնալով Այազ Մութալիբովի վերջին հարցազրույցին
Ըստ նրա` Մութալիբովը բացահայտ ասում է, որ կարողացել է ստիպել Միխայիլ Գորբաչովին իրականացնել «Օղակ» գործողությունը: «Այսինքն, մարդն ամբողջովին պատասխանատվոթյունն իր վրա է վերցնում: Հարցազրույցում մասնավորապես ասվում է. «Մենք ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացրինք: Մեկ օր անց ես Գորբաչովին ցույց տվեցի փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանի ժողովուրդն իր համաձայնությունն էր հայտնում Խորհրդային պետության պահպանմանը, եւ ասացի, որ այդ փաստաթուղթը գին ունի»: Այդ գինն էր Ղարաբաղի մաքրումը «հայ հանցագործներից»: Սա մեկ անգամ եւս վկայում է, որ Արբեջանի ժողովուրդը երբեք մարդասիրական զգացմունքներ չի տածել հայ ժողովրդի նկատմամբ», - նշել է Ա. Սարգսյանը:
Նա նաեւ հավելել է, որ հարցազրույցի շնորհիվ պարզ է դարձել. Մութալիբովը շատ լավ հիշում է, որ 1992թ. Խոջալուի դեպքերն իր դեմ կազմակերպված գործողություններ էին` իշխանությունից հեռացնելու նպատակով: «Սա շատ մեծ նվեր է մեր արտգործնախարարությանը, որպեսզի տվյալ առիթը ճիշտ օգտագործվի», - նկատել է քաղաքական գործիչը: Ըստ նրա համոզման` իր հարցազրույցում Մութալիբովը եւս մեկ անգամ հաստատում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էին ադրբեջանցիները, հատկապես՝ այն ժամանակվա Ադրբեջանի ժողովրդական ճակատը:




























