Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Վրաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւի հետ:
Փանջիկիձեն կհանդիպի նաեւ իր գործընկեր Էլմար Մամեդյարովին, որից հետո կողմերը մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Պաշտոնական այցի շրջանակներում Փանջիկիձեն կմասնակցի ՄԱԿ-ի, Ադրբեջանի կառավարության եւ İSESCO-ի կազմակերպած «Ահաբեկչությունն արմատախիլ անելու գործում համագործակցությունը շարունակելու» միջազգային գիտաժողովին, որին կմասնակցեն 50 երկրների եւ 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Նովոստի Գռուզիան» նշում է, որ սա Փանջիկիձեի արդեն երկրորդ այցն է Բաքու: Առաջին անգամ որպես Վրաստանի արտգործնախարար Փանջիկիձեն Ադրբեջան էր այցելել դեկտեմբերի վերջին` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած վրացական կառավարական պատվիրակության կազմում:




























