Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր` մարտի 18-ին անփոփոխ է թողել Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հարսին դաժանաբար ծեծի եւ խոշտանգումների ենթարկած Հայկանուշ Միքայելյանի գործով:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների էր ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել էր 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների էին ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել էր ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ էր արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: Հայկանուշ Միքայելյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում` դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման:
Դատավոր Արմեն Բեքթաշյանը միաժամանակ որոշել էր կիրառել համաներում եւ նշանակված պատժի չափը 1/3-ով կրճատել, իսկ այնուհետեւ հանել էր ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Տուժող Մարիամ Գեւորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողել էր առանց քննության եւ չէր բավարարել: Մարիամ Գեւորգյանը դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որը, սակայն, անփոփոխ էր թողել վճիռը: Գեւորգյանի պաշտպանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան:




























