Հայաստանի համար առավել շահավետ է Եվրասիական միությանը միանալը, քան ԵՄ-ին ինտեգրվելը: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսում նշել է Եվրասիական պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն անվտանգության միակ երաշխիքն են. «Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի այլ կառույց մեզ նման երաշխիք չի տալիս, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն: Նույնիսկ եթե պատկերացնենք, որ Հայաստանը կընդգրկվի այդ կազմակերպությունում, կարելի՞ է անվտանգություն ակնկալել, եթե այնտեղ նաեւ Թուրքիան է»,– ընդգծել է նա:
Մաքսային միությանը եւ եվրասիական ինտեգրման այլ ծրագրերին միանալու օգուտները Հայաստանի համար առավել իրատեսական եւ հասանելի են, քան եվրոպական ինտեգրման ծրագրերը, հավելել է Շիրխանյանը:
«Որպես խոչընդոտ շատերը մատնանշում են ընդհանուր սահմանի բացակայությունը: Բայց այն մենք չունենք նաեւ ԵՄ-ի հետ: Իսկ Եվրասիական միության հետ այն կարող է հայտնվել. Իրանը վերջերս հայտարարել էր դրան միանալու հնարավորությունը դիտարկելու մասին», – նշել է Շիրխանյանը:



























