Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում: Այդ մասին այսօր` մարտի 19-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսում հայտնել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսում հնչած մտքերը:

«Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ՝ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ վստահությամբ: Թող դա շատ հստակ հնչի: Ես ցավում եմ, որ պարոն Սարգսյանին թվում է, թե վիշտ եմ պատճառել, որը ինքը հարմար ծաղրել է իմ բարեւը: Մտնելով թվաբանական կեղծությունների մեջ, թե քանի հոգի կա հրապարակում, ասում է 3 հազար, մի՞թե: Ես եւս ունեմ տեսողական խնդիրներ, բայց կարծում եմ` չարժե այդքան իջնել»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, հինգ տարի առաջ ընդդիմադիր հիմնական թեկնածուն 30 հազարից շատ ավելի ուներ, եւ «մենք այս հրապարակում 3 հազարից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում»:

«Ես ի սկզբանե ասել եմ` մեր չափանիշը թե քանակն է, թե որակը: Պարոն Սարգսյանն ի՞նչ է ասում, եթե մենք 100 հազար հավաքենք` նեղություն կքաշի, կգնա բանակցությունների՞: Ուզում է, որ 100 հազար հավաքենք, որ տպավորվի՞:

Ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, հայ ժողովրդի հաղթանակը պաշարել է Բաղրամյան 26-ը: Մենք ամեն տեղ ենք, փողոցներում զբոսնելիս, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով: Ամենուր է հաղթանակը, հաղթանակի անկասելիությունը դրանում է, որ սա այլեւս Րաֆֆիի հարցը չէ: Այստեղ է, որ պարոն Սարգսյանը պետք է դուրս գա հին չափանիշներից:

Հաստատ մի բան կարող եմ ասել, եթե ինքը 30 հազարը տպավորիչ է համարում, որը վերագրում է առաջին նախագահին, թեեւ շատ ավելին էր հավաքվում, ուրեմն թող սպասի շատ ավելիին»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դա բավական չէ, ինձ վերագրում է անպարկեշտ բաներ: Անպարկեշտությունը ժողովրդի ձայնի գողության, ստի, կեղծիքի օգնությամբ սեփական հաղթանակը տոնելն էր: Դա է անպարկեշտությունը, հայհոյանքը սեփական ժողովրդին:

Միայն այն փաստը, որ իր քարոզչանյութը գտնվում էր հազարավոր պետական շենքերի վրա, հիվանդանոցներ, համալսարաններ, գյուղապետարաններ, մշակույթի պալատներ, այդ փաստը ինքնին բավարար է, հրամայական պիտի բերի ընտրությունների կեղծման գնահատականի: Որեւէ ժողովրդավար երկրում, Մարտենսի երկրում այդ փաստը կնշանակեր, որ ընտրություններն ապօրինի են, էլ չենք խոսում բռնությունների, բազմակի քվեարկությունների փաստարկված դեպքերի մասին»,-ասաց նա:

«Ժառանգության» առաջնորդը կոչ արեց Սերժ Սարգսյանին չխոսել օրենքից, ժողովրդից: «Պարոն Սարգսյան, մի խեղեք իմ խոսքերը: Որպեսզի մենք այլեւս չապրենք փչացած հեռախոսով, ես սրտանց, առանց հեգնանքի շնորհակալ եմ, որ հիմա գտնվում ենք բաց հասարակությունում: Թե ինքը, թե ես հաշվետու ենք մեր խոսքերի համար: Ամեն ինչ լինելու է հայ ժողովրդի աչքի առջեւ, որ ոչ մեկը մյուսի խոսքը չխեղաթյուրի»,-ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am