Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանը փորձում էր հարաբերություններն ամրապնդել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այժմ, երբ իշխանության ղեկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումն է: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսում նշել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ըստ նրա՝ Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա, քանի որ շատ տնտեսական եւ էներգետիկական նախագծեր կասկածի տակ են դրվում: «Ներկա միտումները վկայում են, որ երկու երկրների միջեւ սառեցումը կշարունակվի նաեւ հետագայում: Գաղտնիք չէ, որ Վրաստանի իշխանությունները ձգտում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Հետեւաբար, կարող են համագործակցության նոր, տարատեսակ ծրագրեր իրագործվել», - ընդգծել է փորձագետը: Նա նաեւ հավելել է, որ ռուս-վրացական համագործակցությունը հակակշիռ կդառնա նախկին վրաց-թուրք-ադրբեջանական տանդեմին: