Երեւան քաղաքի 50 խաչմերուկներ հագեցած են տեսախցիկներով եւ 63 արագաչափ սարքերով: Այս մասին, այսօր` մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը՝ խոսելով երթեւեկության հետ կապված հրատապ հարցերից եւ ավելացրեց, որ արագաչափ սարքեր կան նաեւ Երեւան-Սեւան, Դիլիջան, Ապարան, Էջմիածին, Հոկտեմբերյան ճանապարհներին:

Նրա խոսքով՝ դրանց գործածումը նոր փուլ է երեւեկության կազմակերպման հարցում, ինչն իր դրական արդյունքն է տվել ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման հարցում: Վթարներից զոհերի քանակը նվազել է ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի:

«Զոհվածների քանակը նախորդ տարի նվազել 29-ով, իսկ այս տարի այդ միտումը դեռ շարունակվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքում սպասարկում է Ճանապարհային ոստիկանության մոտ 150 ավտոմեքենա:

Ասուլիսին հրավիրված Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանն էլ ասաց, ինքը եւս տեսախցիկներին եւ արագաչափ սարքերին դրական է վերաբերում, սակայն առաջարկեց, որ մանրուքների վրա շատ չկենտրոնանան, որ դա իր հերթին բիզնեսի չվերածվի: Ի դեպ, Հայկ Սարգսյանն ասաց, որ կանայք ավելի ուշադիր վարորդներ են: