Կեղծված ընտրություններից մի քանի օր անց ես իմ ոտքով գնացի եւ հանդիպեցի Սարգսյանին եւ սուտ է այդ նախադասութունը, թե ես ասել եմ, որ չեմ հաղթել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի ասուլիսում արված հայտարարությանը՝ Րաֆֆին Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը չի հաղթել ընտրություններում:

«Ես ասել եմ, որ կեղծված են, համատարած կեղծիք է եղել եւ ամենալավը դուք գիտեք: Ձեր թվաբանությունն իրականությանը չի համապատասխանում, եւ առաջրկում եմ, որ բացեք բոլոր քվեատուփերը եւ տեսնենք լցոնումներով հանդերձ, թե որն է իրական պատկերը:

Բայց որպեսզի այս զրույցը լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ հռետորաբանության շրջանակներում, դուք ժամանակից շուտ ընդունեցիք շնորհավորանքը: Ես էլ ասացի` միգուցե իմն էլ չափազանցություն է, որ 80 տոկոսով եմ հաղթել: Բայց ենթադրենք, որ մենք յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր ժղովրդի զգալի հատվածները, ինչպե՞ս պիտի լուծում տանք այս հարցին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ներկայացրեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները, նշելով. «Առաջին առաջարկն այն էր, որ նշանակեք երկրորդ տուր: Երկուսով, դեմ առ դեմ, հարգանքով, քաղաքական նոր մշակույթով բանավիճենք, եւ թող ոչ մեկս իրեն չվերագրի վերջնական ճշմարտությունը: Արդեն գիտեք` մերժեց:

Առաջարկեցի այլ տարբերակ, որը թույլ կտար իրեն մնալ որպես դե-ֆակտո նախագահ, առաջարկեցի, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունենրից հետո ամբողջովին համամասնական ընտրակարգով գնանք խորհրդարանական ընտրությունների, որ հասարակության այս վիճակը արտացոլվի համապետական ընտրությամբ: Եւ մի ասեք, որ անհնար է, բոլորդ գիտեք, որ որտեղ կա քաղաքական կամք, բերելու հասարակությանը համերաշխ ապագայի, կա նաեւ լուծում: Մերժեց:

Սխալ է նաեւ այն նախադասությունը, որ իր առաջարկած ճանապարհների մեջ երրորդը քննարկվել է: Ոչ ինքը, ոչ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության կազմում որեւէ աշխատանքում: Հենց ինքը համաձայնվեց, որ դա սխալ է:

Ես ասացի, որ պարտավոր եմ մերժումները ներկայացնել մեր ժողովրդին: Երբեւէ չի եղել մի դեպք, որ ես դիմեմ մեկին եւ ասեմ` պետք չէ որեւէ բան ասել: Ես պահանջում էի բաց հանդիպում, հետո դա դարձրեցին, թե ես եմ փակ հանդիպում ուզել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ՝ հանդիպման ավարտին չի եղել որեւէ պայմանավորվածություն, որ իրար փաստաթուղթ պիտի ուղարկեն:

«Ես հայտարարեցի, որ ներկա դրությամբ իմ առաջարկները սպառվել են եւ այլեւս ուժի մեջ չեն: Ասացի` ես սպասում եմ ձեր առաջարկին, եթե երբեւէ ունենաք: Վերադարձա հրապարակ, հրավիրեցի, պարոն Սարգսյանը նպատակահարմար չգտավ:

Դրանից հետո տեղի ունեցան մի քանի միջնորդավորված մոտեցումներ` քննարկելու, թե ինչպես կարող ենք հանդիպել Ազատության հրապարակում, կամ կարո՞ղ եմ արդյոք դուրս գալ Ազատության հրապարակից: Ես բացառեցի, որ կարող եմ դուրս գալ հրապարակից: Այդ միջնորդները ուզում էին լուծում գտնել եւ հանդիպում կազմակերպել: Ես առաջարկեցի, որ հանդիպումը պետք է լինի Ազատության հրապարակում: Եթե պարոն Սարգսյանը ուզում է սա պահել խորհրդապահության շրջանակներում, կարող է մի քանի ստեղծագործական թռիչք անել, ինչպես արեց երեկ:

Ես առաջարկեցի հանդիպել այս սրճարաններում, եւ ժողովուրդը կտեսնի, որ երկու ախոյանները իրար ձեռք են սեղմում, ժողովուրդը կտեսներ, թե ինչպես պետք է կերտել ապագան: Առաջարկները երեք-չորս օր գնացին, եկան, եւ որեւէ հանգուցալուծում չեղավ: Վերջում ասացի, որ եթե բարդույթ ունի, եթե ուզում է, կարող է գրավոր հաղորդակցվել, փակ ծրարով, որը միայն ես կընթերցեմ: Սա էլ վերջին առաջարկն էր, պահեստային տարբերակը: Հանդիպումը չկայացավ, պարոն Աբրահամյանը մի քանի օր առաջ ուշ գիշերով այցելեց, մտանք վրան, մի հստակ բան ասացի` դուք միջնորդ կամ սուրհանդակ չեք: Դուք այստեղ դերակատարում չունեք»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով ՝հաջորդ օրը` մարտի 16-ին պարոն Աբրահամյանը զանգել է Արմեն Մարտիրոսյանին եւ փակ ծրար փոխանցել, որի վրա գրված է «Ազգային Ժողով»:

«Բացում եմ ծրարը, երկու էջանոց փաստաթուղթ է, որը իր բովանդակությամբ ծաղր է ժողովրդի զարթոնքին, բայց փաստորեն այդ փաստաթուղթը կրում է մարտի 5-ի թվագրումը, եւ վերաբերում է Սահմանադրական ինչ-որ հանձնաժողով ստեղծելու եւ երկու տարի անց հանրաքվե պատրաստելու հարցին: Սա այն տարբերակն է, որ Ազգային Ժողովում առաջարկվել է Աբրահամյանի կողմից եւ մերժվել մեր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից: Ես ոչ թե խաչ քաշեցի, այլ X դրեցի, շրջան գծեցի մարտի 5-ի թվականի շուրջ, Ազգային Ժողովի հասցեի շուրջ եւ փակ ծրարով, իմ ստորագրությամբ ուղարկեցի պարոն Սարգսյանին: Սա իրենց խնդրած խորհրդապահական խողովակն է, որ երեկ ինքը փոխեց կանոնակարգը եւ ես շնորհակալ եմ դրա համար»,-նշեց Հովհաննիսյանը:

«Ինչ վերաբերում է ապագային, քանի որ գտնվում ենք հանրային բաց տիրույթում, եւ եթե գտնում է, որ ես իրեն պարտք եմ ինչ-որ փաստաթուղթ, ես նախ ուրբաթ օրը կընթերցեմ բաց փաստաթուղթը, որը հետո կուղարկեմ պարոն Սարգսյանին: Եւ կակնկալեմ, որ ամեն ինչ լինի բաց, թափանցիկ, ժողովրդի աչքի առաջ»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am