Տաքսիսիտների վերջին բողոքը տեղին չէ: Այս մասին այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը՝ հավելելով, որ երթեւեկության գրեթե բոլոր խախտումները կատարվում են տաքսիստների կողմից:
Նրա խոսքով՝ տաքսիստներից շատերը վատ են ծառայում: «Կան շատ պարկեշտ սպասարկում իրականացնող վարորդներ: Մենք մեր հարազատներին, ինքներս մեզ շատ հաճախ վստահում ենք տաքսիստների, որոնք չգիտենք, մեքենա վարել գիտե՞ն, թե՝ ոչ: Չգիտենք, վկայական ունե՞ն, թե՝ ոչ, թմրանյութ օգտագործո՞ւմ են, թե՝ ոչ»,- ասաց Պիլտոյանը:
Նրա խոսքով՝ տաքսիստների մեքենաները պետք է ունենան սովորական համարանիշներ: Հարցին, թե ինչո՞ւ իր կարծիքը չէր ասում այն ժամանակ, երբ ստիպում էին դեղին համարանիշներ փակցնել, նա պատասխանեց, որ այն ժամանակ անտարբեր է եղել: «Մտածում էի, որ կառավարությունը ուզում է տաքսիստներին առանձնացնել: Թող լինի դեղին, մոխրագույն, բայց մեքենայի վրա մի հատվածում մի երիզով նկարված լինի, որ ինքը տաքսիստ է: Ինձ հետաքրքրիր է, որ տաքսու վարորդը լինի լավ վարորդ եւ լավ սպասարկի մեր ժողովրդին»,- նշեց բանախոսը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ ամեն ինչ արվում է տաքսու վարորդների բարեկեցության համար, նրանց աշխատանքն ավելի դյուրին դարձնելու, ավելորդ անգամ ՃՈ չգնալու համար: «Շատ ավելի պարզեցվում է այդ գործառույթը եւ արվում է անվճար»,- ավելացրեց Հայկ Սարգսյանը:




























