Թուրքական ոստիկանությունը փետրվարի 16-ին խուզարկություն է իրականացրել Էրզինջանի (Երզնկա) նահանգային գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների բնակարանում եւ աշխատավայրում, ապա ձերբակալել վերջինիս:

Հատուկ գործերով դատախազ Օսման Շանալը Ջիհաների ձերբակալման հրաման է արձակել ""Էրգենեկոնի" անդամ լինելու եւ «պաշտոնական դիրքը չարաշահելու»" մեղադրանքով:

Ձերբակալված նահանգային գլխավոր դատախազը տեղափոխվել է Էրզրում, որտեղ ենթարկվելու է հարցաքննության:

1968-ին Կարսում ծնված Ջիհաները ներկայիս պաշտոնին անցել է 2007-ին: Նրա հետաքրքրության ոլորտում անմիջապես հայտնվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը հանդիսացող Գյուլենի իսլամական միությունը, որի նկատմամբ սկսել է հետաքննություն անցկացնել:

Ի դեպ, ներկայումս Թուրքիայի քաղաքական իրադարձությունների կիզակետում է նաեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի միության վերացման նախագիծ" անունը կրող փաստաթղթում ստորագրության ենթադրյալ հեղինակ, ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի գործի հետաքննությունը, որը հանձնվել է ռազմական դատախազություն:

Ներկայումս ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենը ունի իր կողմից հիմնադրած իսլամական միություն, որին անդամակցում են միլիոնավոր մահմեդականներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:

Նշենք, որ «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես` հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Էրդողանին։