Թուրքիայի ավագ դպրոցներում շուտով օսմաներենը կլինի ընտրովի առարկաների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը 2012-ի ապրիլին «Հայրաթ» հիմնադրամի հետ համաձայնագիր էր ստորագրել, ըստ որի, հիմնադրամի աջակցությամբ Թուրքիայի ամբողջ տարածքում ժողովրդի համար բացվում են օսմաներենի անվճար դասընթացներ։ Հիմնադրամի ղեկավարությունը նշել է, թե մինչ այսօր իրենց կազմակերպած դասընթացներին մասնակցել է 120 հազար մարդ։
«Հայրաթ» հիմնադրամի անդամ Սաիթ Յավուզը հայտնել է, թե օսմաներենի հանդեպ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով, նախատեսվում է այն մտցնել ավագ դպրոցների ընտրովի առարկաների ցանկում։ Նա նշել է, թե այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտին են մոտենում եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի։
Նշենք, որ օսմաներենի այբուբենն ունի 33 տառ, որոնք հիմնականում արաբական տառեր են, իսկ բառապաշարում գերակշռում են արաբերեն եւ պարսկերեն բառերը:



























