Նախկին դատապարտյալ, 49-ամյա Կոլյա Միրզոյանը փորձել է սեռական հարաբերություն ունենալ դատապարտված եղբոր կնոջ հետ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ նախկինում դատված 49-ամյա Կոլյա Միրզոյանը նույն հարկի տակ ապրող եղբոր կնոջ՝ Գոհար Միրզոյանին սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել եւ մերժվել, որից հետո այդ մասին տեղեկություններ չտարածելու համար տանը, վերցնելով խոհանոցային դանակը, թիկունքից մոտեցել է Գ.Միրզոյանին, աջ ձեռքով գրկել է նրա որովայնի հատվածից եւ իր ձախ ձեռքում եղած դանակի ծայրը դնելով Գ.Միրզոյանի պարանոցին սպառնացել է այդ մասին լուրերը տարածելու դեպքում սպանել նրան:
Ամբաստանյալ Կոլյա Միրզոյանը, լինելով նախկինում դատապարտված, 2012 թվականի օգոստոսի 10-ին կալանավայրից դուրս գալուց հետո բնակվել է Արարատի մարզի Բուրաստան գյուղում գտնվող իր հայրական տանը՝ ծնողների, կալանավայրում գտնվող եղբոր ընտանիքի եւ մահացած եղբոր որդու հետ միասին: Կ.Միրզոյանի կալանավայրից դուրս գալուց հետո նրանց ընտանիքի անդամների փոխհարաբերությունները կրել են լարված բնույթ՝ կապված Կ.Միրզոյանի ագրեսիվ պահվածքի հետ:
Հայրական տանը գտնվելու օրերին Կ.Միրզոյանը սկսել է սիրահետել կալանավայրում պատիժ կրող իր եղբոր` Միշա Միրզոյանի կնոջը` Գոհար Միրզոյանին: Մի օր էլ, երբ տանը Գոհարը եղել է միայն իր երկու անչափահաս երեխաների հետ, Կ.Միրզոյանը մտել է խոհանոց եւ զրուցել Գոհարի հետ: Զրույցի ընթացքում Կ.Միրզոյանը բռնելով Գոհարի թեւից, նրան տարել նստացրել է պատշգամբում գտնվող թախտին եւ սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանել է նրա վարտիքը: Վերջինս հրաժարվել է Կ.Միրզոյանի հետ սեռական հարաբերություն ունենալ եւ այդ պահին տուն է մտել Կ.Միրզոյանի մահացած եղբոր որդին` Ռզգան Թամոյանը ու ձայն տվել Գոհարին:
Հաջորդ օրը Կ.Միրզոյանն ալկոհոլ օգտագործած վիճակում տուն է եկել ու տան խոհանոցում Գոհար Միրզոյանի հետ զրույց է սկսել կատարվածի մասին: Վերջինս Կ.Միրզոյանին ասել է, որ կատարվածի մասին հայտնելու է տան անդամներին: Դա լսելով Կ.Միրզոյանը վերցրել է խոհանոցային դանակը եւ սպառնացել, որ կատարվածի մասին լուրեր տարածելու դեպքում կսպանի նրան:
Հարսը պատմել է սկեսուրին եւ դիմել են ոստիկանություն: Այնինչ` Կոլյա Միրզոյանն ասել է, թե նման մեղադրանքների պատճառն իրեն այդ տնից հեռացնելն էր, քանի որ նրանք չեն ցանկացել, որպեսզի ինքը իրենց հետ նույն հարկի տակ ապրի:
Քննելով գործը դատարանը վճռել է Կոլյա Միրզոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձեւով 2 տարի ժամկետով: Վերջինս դատավճիռը չի բողոքարկել եւ գործը հանձնվել է դատարանի արխիվ:




























