Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի՝ Սանկտ-Պետերբուրգում կալանավորված եղբոր` Գրիշա Հակոբյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգել են: Նրան մեղադրում են անձնագիրը կեղծելու մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, սակայն հրաժարվեց անուններ նշել: Նրա խոսքով՝ թմրանյութը չկարողացան հաստատել, հիմա էլ անձնագիրն են պատճառ բռնում:

«Ինքն անձնագիրն օրինական է ստացել, բայց պատճառ են բռնում, թե իբր անձնագիրն օրինական չի»,-ասաց Սաշա Հակոբյանը:

Ավելի վաղ Մասիսի քաղաքապետը խոսելով եղբոր երկարացված կալանքի մասին ասել էր. «Ասում են, որ հիմա թողնենք, հետո մեր վրա կբողոքեք: Իրանք ոչ մի հիմքեր չեն կարողանում գտնել, որ իմ եղբայրը մեղավոր է: Իրանք լավ գիտեն, որ այդ գործը սարքած գործ է, բայց, թե ում կողմից չգիտեն: Մինչեւ փետրվարի վերջ  100 տոկոսով ազատ կարձակեն»:  Սաշա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, նաեւ, որ Սանկտ-Պետերբուրգում ադրբեջանցիները «սարքել» են իր եղբոր` Գրիշա Հակոբյանի գլխին եւ նրա ուղեբեռի մեջ տասնյակ կիլոգրամներով հաշիշ են տեղադրել, որպեսզի նրան դուրս թողեն ծաղիկի բիզնեսի շուկայից:

«Հիմնական պատճառներից մեկն էլ նա է, որ եղբայրս Սանկտ-Պետերբուրգի ծաղիկի բիզնեսում միակ հայն է: Մի քանի ծաղիկի մեծածախ օֆիսներ են, որոնցից մեկը իրենն է: Մնացած բոլորը ադրբեջանցիներինն է»,- պատմել էր Մասիսի քաղաքապետը: Հարցին, թե մինչեւ եղբոր ձերբակալությունը նրա նկատմամբ սպառնալիքներ եղել են, թե ոչ, Հակոբյանն ասել էր. «Սպառնալիքներ չեն եղել, բայց տարբեր առաջարկություններ են եղել, թե օֆիսդ վաճառի»: