Համաձայն եմ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ դա իր անձնական կարծիքն է:
«Ինչպես գիտեք, մեր կուսակցությունում եւս որոշակի վեճ կա այդ հարցի հետ կապված: Իմ անձնական կարծիքով` Հայաստանի տեղը Եվրոպայում է, եւ Հայաստանի հիմնական գործընկերը ԵՄ-ն է, եւ ինձ համար նման երկընտրանք չկա: Իրավաբանական առումով կան որոշակի խնդիրներ այդ երկու կառույցներին Հայաստանի համատեղ մասնակցության հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը` միաժամանակ նշելով, որ հարցը կտրուկ չէր դնի, ինչպես Բրոկը:
Զոհրաբյանի խոսքով` ինքը Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի կողմակից է, այդ թվում` ԱՊՀ տարածքում, սակայն եթե հարցին գլոբալ նայենք, ապա առաջնահերթությունը հօգուտ ԵՄ-ի է: «Փոքր երկրները պետք է կարողանան մանեւրել մեծ քաղաքականության հորձանուտում, պետք է կարողանան ճիշտ կառուցել իրենց հարաբերությունները գերտերությունների հետ»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը նշել էր, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: «Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», - ասել է Եվրախորհրդարանի պաշտոնյան։




























