Ռուս եւ կիպրացի պաշտոնյաներին չի հաջողվել որեւէ համաձայնության հասնել այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած բանակցություններում, որոնք կայացել են Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի մոտ: Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն մարտի 21-ին:
Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը հայտնել է, որ նախատեսում է մնալ Մոսկվայում այնքան ժամանակ, մինչեւ ռուսական կողմի հետ ինչ-որ համաձայնության գան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անարդյունք է ավարտվել նաեւ Սարիսի հանդիպումը ՌԴ ֆինանսների նախարար Ատոն Սիլուանովի հետ:
Հիշեցնենք, որ Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը ժամանել է Մոսկվա, որպեսզի համաձայնություն ձեռք բերի հերթական վարկի ստացման շուրջ: Մոսկվան 2011 թվականին Նիկոսիային արդեն հատկացրել է 2,5 մլրդ եվրո վարկ: Կիպրոսը նաեւ խնդրում է մեղմացնել վարկի պայմանները՝ 5 տարով երկարացնել վարկի մարման ժամկետը եւ կրճատել տոկոսադրույքը:
Բանակցությունների նպատակով Մոսկվա են ժամանել նաեւ Cyprus Popular Bank (Laiki)-ի ներկայացուցիչները: Այս բանկը բոլորից շատ է տուժել հունական պարտքային ճգնաժամից, գրում է Lenta.ru-ն:
The Wall Street Journal-ի տեղեկությամբ՝ Նիկոսիան առաջարկում է 20-30 տոկոսադրույքով հարկել կղզու բանկերում գտնվող ռուսական ավանդները: Դրա փոխարեն Մոսկվային մասնաբաժին է առաջարկվում Կիպրոսի ազգային գազային ընկերությունում, ինչպես նաեւ այլ արտոնություններ այդ երկրի էներգետիկ սեկտորում:



























