Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարտի 21-ի վաղ առավոտից շարժվում են Նովրուզի տոնակատարության համար նախատեսված հսկա հրապարակ։

Սպասվում է, որ 2013-ի Նովրուզի տոնակատարությունը քրդերի համար կլինի պատմական, քանի որ տոնակատարութան ժամանակ քուրդ պատգամավորներն ընթերցելու են Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որը կլինի քրդական հարցի կարգավորման ճանապարհային քարտեզը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու եւ նախագահական համակարգի անցնելու համար նախաձեռնել է քրդական հարցի կարգավորման հերթական փորձը, որի շրջանակներում Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը գաղտնի բանակցել է Աբդուլլահ Օջալանի հետ, որին հետեւել են քուրդ պատգավորներից բաղկացած պատվիրակությունների այցը Օջալանին եւ նրա նամակը հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությունը։