Կիպրոսի խորհրդարանը մարտի 21-ին տնտեսությունը փրկելու նոր օրինագծի քվեարկություն չի անցկացնի: Այն մշակվել է խորհրդարանում՝ բանկային ավանդների հարկման նախագիծը պատգամավորների կողմից մերժվելուց հետո, հայտնել է Կիպրոսի իշխող կուսակցության նախագահ Ավերոֆա Նեոֆիտուն: Ըստ նրա՝ խորհրդարանի համար օրինագծի նոր տեքստ նախապատրաստել չի հաջողվի:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Կիպրոսի կառավարությունը նախքան իրավիճակի կայունացումը մտադիր է սահմանափակել կապիտալի տեղաշարժերը, այդ թվում՝ արտասահմանյան՝ ֆինանսական հաստատություններից կապիտալի արտահոսքը նվազեցնելու համար:
Բանկային համակարգի լիկվիդայնությանն ուղղված օրինագծերը մշակում է Կիպրոսի Կենտրոնական բանկը՝ վերջին օրերի դեպքերով պայմանավորված:
Հաղորդվում է, որ բանկային նոր ոչ աշխատանքային օրերի մասին հայտարարությունից հետո Նիկոսիայի որոշ բանկոմատների մոտ հերթեր են գոյանում, շուկայում կանխիկի մեծ պակաս կա:
Կիպրոսի էներգամատակարարող կազմակերպությունն արգելել է ամսվա պարտքը չվճարած սպառողների էլեկտրամատակարարումն անջատելը:



























