Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին է հանձնել իր հավատարմագրերը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, արարողակարգին հաջորդած զրույցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու խորացված համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար լավ հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերությունը: Նա ողջունել է Հայաստանի նախագահի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը եւ հայ — թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բարոզուն նշել է նաեւ Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը ձեռնարկելու միջոցառումներ, որոնք կլրացնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքները:
Ավետ Ադոնցն իր հերթին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ — թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ նոր պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ զարգացումները Հայաստանի ներքաղաքական կյանքում:



























