Հայաստանի փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 21-ին, Դոհայում հանդիպումներ է ունեցել քաթարական խոշոր Hassad Food եւ Mawashi ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընկերությունները լայն գործունեություն են ծավալում գյուղտնտեսության եւ անասնաբուծության ոլորտում` ապահովելով ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների շուկաների գյուղմթերքի պահանջարկը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Նրանք տեղեկություններ են ներկայացրել ընկերությունների գործունեության ուղղությունների, ծավալների, աշխարհագրության, ապագա ծրագրերի մասին` հեռանկարային համարելով նաեւ Հայաստանի հետ փոխգործակցությունը:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար կարեւոր գերակայություն է: Նա ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց իրականացումն առաջիկա տարիներին շարունակվելու է: Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ համագործակցելու ընկերությունների մտադրությունը եւ կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում: Նա մասնավորապես նշել է, որ հանրապետությունում առկա են գյուղմթերքի, կենդանի անասունների, թարմ մրգի եւ բանջարեղենի, խմելու ջրի, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` պահածոների, հյութերի, արտահանման հնարավորություններ:

Ա. Գեւորգյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Հայաստան` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու, հնարավոր ուղղությունները հստակեցնելու համար: Նա նշել է, որ հետագա համագործակցության հարցերը կարող են ընդգրկվել նաեւ հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում: