Եգիպտոսի հայկական համայնքը Հելիոպոլիսում հավաքվել է Նուբարյան դպրոցի շենքում՝ Միհրան Գազելյանի ղեկավարած՝ Կահիրեի  «Արաքս» երգչախմբի՝  հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված ելույթը լսելու։

Ինչպես հաղորդում է «Ahram» թերթը, «Արաքս» երգչախմբի համերգին կատարվել են Խաչատրյանի՝ ֆոլկլորային երգերի հիման վրա գրված  մի քանի երգչախմբային ստեղծագործություններ, մյուս երգերը եղել են երգչախմբի դիրիժոր ու ղեկավար Միհրան Գազելյանի բառերով եւ  Խաչատրյանի երաժշտությամբ գրված։  Ծրագրում ներառված են եղել նաեւ կարճ պարային համարներ՝ Խաչատրյանի երաժշտությամբ եւ կոմպոզիտորի մասին վավերագրական ֆիլմ։ Թեեւ միջոցառմանը ներկա են եղել հիմնականում եգիպտահայեր, այն, հայկական համայնքի կազմակերպած մյուս բոլոր համերգների նման բաց է եղել հանրության համար։

Ըստ գնահատականների, այսօր Եգիպհտոսի հայկական համայնքն ունի 6000-ից ոչ ավելի մարդ, մեծ մասը բնակվում է Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Շատերը Եգիպտոսի քաղաքացի են, սակայն ոչ բոլորն ունեն հայկական քաղաքացիություն։ Այնուասմենայնիվ, նրանց հատուկ է միությունն ու սերը հայկական ավանդույթների, մշակույթի ու լեզվի  նկատմամբ՝ այն, ինչ հատկապես ակնհայտ էր «Արաքս» երգչախմբի համերգին։