Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրու քաղաքապետը, կառուցապատող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրենը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, պաշտոնատար այլ անձիք:

Կարեն Կարապետյանն ասել է, որ աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը Նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ կանոնավոր խորհրդակցությունների ու քննարկումների միջոցով արվելու է ամեն ինչ` այդ ծրագրերը առավելագույնս արդյունավետ, ժամկետներում եւ որակով իրականացնելու համար:

Աշխատակազմի ղեկավարի խոսքով` պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են Գյումրիում եւ Սպիտակում նորակառույց բնակարանների գազիֆիկացման, արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքների, Գյումրի 2 թաղամասի գլխավոր հատակագծի, գյուղական բնակավայրերում կառուցապատման ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները:

Կարեն Կարապետյանն ասել է, որ թեեւ մինչ այժմ արձանագրված թերությունները վերացվում են, սակայն պետք է առաջիկայում դրանց կրկնությունից խուսափելու գործուն մեխանիզմներ կիրառել: