Standard&Poor`s միջազգային գործակալությունը երկրում բանկային ճգնաժամի պատճառով մեկ աստիճանով նվազեցրել է Կիպրոսի երկարաժամկետ վարկանիշը՝ ССС+-ից մինչեւ ССС:

Կիպրոսի իշխանությունները շարունակում են բանկային ճգնաժամից դուրս գալու ելք որոնել։ Ճգնաժամը ծագել էր խորհրդարանի կողմից բանկային ավանդները միանվագ հարկելու օրինագծի մերժումից հետո. դա ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից ֆինանսական օգնություն տրամադրելու միակ պայմանն էր: S&P-ում ակնկալում են, որ Կիպրոսի իշխանությունները եւ ԵՄ-ի ղեկավարությունն այլընտրանքային պայմանավորվածության կհասնեն առաջիկա օրերին, սակայն նախազգուշացնում են, որ ֆինանսավորման հուսալի այլընտրանքային աղբյուրների բացակայության պատճառով  բացասական սցենարի վտանգը մեծանում է, գրում է «Կոմերսանտը»:

Մինչեւ մարտի 25-ը Կիպրոսը պետք է ավարտի 5,8 միլիարդ եվրո ազգային հակաճգնաժամային փաթեթի ձեւավորումը: Եթե Կիպրոսը հասցնի դա անել, ԱՄՀ-ն եւ ԵԿԲ-ն հավանություն կտան 10 միլիարդ եվրո ֆինանսական օգնության տրամադրմանը: Հակառակ դեպքում արդեն մարտի 26-ին ԵԿԲ-ն խոստացել է  դադարեցնել  երկիրը լիկվիդայնությամբ ապահովելուց, որը կնշանակի դեֆոլտ: