Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանում ձերբակալվել է «Մարտա» հոլդինգի նախկին սեփականատեր Գեորգի Տրեֆիլովը, որը թաքնվում էր ռուսական արդարադատությունից: Տրեֆիլովը կեղծ անձնագրով է եղել: Ռուսաստանցին Բրիտանիայի դատարանում պատասխան կտա ապրիլի 5-ին:
Vesti.ru-ն նշում է, որ 2010թ. նոյեմբերին Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել խարդախության մեջ մեղադրվող գործարարի նկատմամբ: Քննությունը կարծում է, որ վերջինս «Ռուս-բանկ»-ից, Խնայբանկի Տվերի մասնաճյուղից, Առեւտրային ֆինանսավորման բանկից, Ալֆա-բանկից, Սուրգուտնեֆտեգազբանկից 1,3 մլրդ ռուբլի է հափշտակել՝ արդեն իսկ գրավադրած կամ իրեն չպատկանող գույքը որպես գրավ ներկայացնելով:
«Մարտա» հոլդինգը սնանկ էր ճանաչվել 2008թ., երբ դադարել էր գոյություն ունենալ դրա հիմնական ակտիվը՝ մանրածախ խանութների «Գրոսսմարտ» ցանցը:
Հոլդինգի կազմում նաեւ Billa սուպերմարկետների եւ օծանելիքի ու դիմահարդարման միջոցների Colours & Beauty խանութների ցանցերն էին:



























