Ռուսաստանի եւ Կիպրոսի բանակցություններն արդյունք չեն տվել: Մոսկվային չեն հետաքրքրել կիպրոսյան պատվիրակության առաջարկները, որը ծանր իրադրությունում Ռուսաստանի աջակցությունն էր ակնկալում:

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ առաջարկները եղել են հետեւյալը. Ստեղծել պետական ընկերություն՝ գազի հանքավայրերի ակտիվների փոխանցմամբ եւ ռուս ներդրողներին առաջարկել միանալ, գնել պարտատոմսեր՝ հետագայում բանկի բաժնետեր դառնալու պայմանով. «Մեր ներդրողները քննարկել են առաջարկը, շահագրգռվածություն չի եղել»:

Ներդրումային հիմնադրամ, ըստ Սիլուանովի, «նրանք ցանկանում էին փոխանցել այդ ընկերության, բանկերի բաժնետոմսերը, այլ ակտիվներ, որոնք կարող էին առաջարկել իրացման համար», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Կիպրոսցիները ռուսներին առաջարկել են ընդգրկվել այդ բանկերում, սակայն ռուսական ոչ մի առեւտրային վարկային կազմակերպություն նման ցանկություն չի արտահայտել: Պետական վարկի տրամադրման հարցը չի դիտարկվում, քանի որ եվրոպական կողմը պարտքի սահման է նշել, հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Գազպրոմ»-ին եւ «Ռոսնեֆտ»-ին չեն հետաքրքրել  գազային հանքավայրերի մասին առաջարկները, այդ թվում՝ Թուրքիայի հետ վեճի համար: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին,  որ կվիճարկեն իրենց տարածքային ջրերում գազային հանքավայրերին ուղղված Կիպրոսի ցանկացած գործողությունները:

Կիպրոսում գազի հանքավայրերը վերջին 10 տարում բացահայտվածներից խոշորագույնն են: Դրանց պաշարները գնահատվում են 1,7 տրլն խմ, իսկ դրանց շահագործման մաքուր եկամուտը կարող է կազմել ավելի քան 800 մլրդ եվրո: