Չինաստանի նոր նախագահ Սի Ցզինպինը մարտի 22-ին Մոսկվա է ժամանել, սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Այցի հիմնական նպատակներից է Չինաստան նավթ եւ գազ մատակարարելու մասին համաձայնագրի ստորագրումը:
ՉԺՀ փոխարտգործնախարար Չեն Գուոպինի խոսքով՝ ռուսական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Սի Ցզինպինը նավթի մատակարարումների ավելացման, նաեւ՝ գազատարի կառուցման համաձայնագրեր կստորագրի: Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գազի որոշիչ համաձայնագրի ստորագրման մասին առայժմ խոսք չկա:
Մոսկվայի եւ Պեկինի միջեւ ածխաջրածինների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման մասին հաղորդվել էր 2013թ. մարտին, հայտնում է lenta.ru-ն: Սպասվում է, որ նավթը Չինաստան կհասնի Արեւելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս խողովակատարի ճյուղավորմամբ: Ներկայումս դրանով մատակարարումների ծավալը կազմում է տարեկան 15 միլիոն տոննա: Ըստ վերջին տվյալների՝ խոսքը 2018թ. տարեկան մինչեւ 50 միլիոն տոննա մատակարարումների ավելացման մասին է:
Ինչ վերաբերվում է գազին, ապա դրա մատակարարումների ծավալը կարող է կազմել տարեկան 38 միլիարդ խմ, սակայն այդ թվերը վերջնական չեն: Ենթադրվում է, որ գազի վաճառքի համար Արեւմտյան Սիբիրից Չինաստան խողովակատար կկառուցեն, որը կդառնա «Ալթայ» նախագծի հատված: Բացի դրանից, խտացված բնական գազի գնման առաջարկությունը Պեկինն ստացել էր «Ռոսնեֆտ»-ից:




























