Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերն են քննարկվել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի փետրվարի 17-ին կայացած հանդիպմանը:

Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ նախարարը, ողջունելով նորանշանակ դեսպանին, տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեւավորվել են գործընկերային հարաբերություններ, եւ վերջիններս սերտորեն համագործակցում են մի շարք համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման հարցերում: Դեսպան Վ.Կովալենկոն, կարեւորելով երկու երկրների տարբեր մարզերի միջեւ համագործակցությունը, անհրաժեշտ է համարել մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը` շեշտը դնելով փոքր բիզնեսի զարգացման վրա:

Վ.Կովալենկոն հետաքրքրվել է նաեւ Հայաստանում ֆիլատելիայի զարգացմամբ, ինչպես նաեւ նոր նամականիշների թողարկմամբ: