Այն, որ Հայաստանի քրեական տարրերի մի զգալի մասը Հանրապետական կուսակցության շարքերում են, ոչ միայն չի մտահոգում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, այլ ընդհակառակը, նա այդ փաստը դրական է գնահատում: Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի քրեածին տարրերով համալրված լինելու հանգամանքը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Բնականաբար չի մտահոգում, որովհետեւ դա անմտություն է որեւէ հանցանք բերել կապել կուսակցության հետ: Կուսակցությունն ինքը զանգվածային կուսակցություն է եւ ամենամեծ կուսակցությունն է: Ինչպես հասարակությունը, եթե մեղադրանքներ կան, իհարկե պետք է մեղադրանքները ընդունել: Բայց դա ընդունել կուսակցության գործունեության որպես քաղաքական ծավալներ, կարծում եմ դա անմտություն է եւ չեմ կարծում դրա մասին հատուկ պետք է գնահատական տրվի»: Ավելին, ըստ Սահակյանի՝ Հայաստանում յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ կուսակցության շարքերը մտնի: «Կուսակցությունն իր կանոնադրությանը հատուկ այդ շրջանակներում կարողանում է հնարավորինս ձերբազատվել, եթե նման մարդիկ կան, որոնք գաղափարապես թույլ են կամ ավելի հակված են հանցագործության»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ գլուխ գովալով, որ բոլորը համախմբվում են ուժեղի մոտ: «Եւ դա շատ լավ բան է: Հիմա էլ եթե մեր ազգը ուժեղի մոտ հավաքվի, մենք բավականին լուրջ խնդիրներ կլուծենք»,- նշել է Սահակյանը: