Չնայած, որ Եվրամիությունն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կօգնի Ադրբեջանին՝ երկխոսություն սկսել հարեւանների հետ, ինչը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնական գործոնն է: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Ռոլանդ Կոբիան:

"Յուրաքանչյուր հակամարտության լավագույն լուծումը ընդդիմախոսների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կարողությունն է: «Արեւելյան գործընկերությունը կնպաստի դրան»,- կարծում է Կոբիան:

Ըստ դեսպանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է ամեն ինչ՝ հակամարտության հաջող ավարտի համար:

«ԵՄ-ն, որպես միություն, բավարար հնարավորություններ չունի խառնվել բանակցային գործընթացին, բայց մենք պատրաստ ենք անել ավելին, եթե մեզ խնդրեն»,- նկատել է Կոբիան՝ հավելելով, որ կառույցը չի կարող պարտադրել զարգացման իր մոդելը։ «Մենք միայն ձգտում ենք կիսվել կուտակած փորձով»,- նշել է նա: