Այսօր ՀԱԿ-ի անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրում ՀԱԿ-ի կազմում ընդգրկված ուժերի տեսակետների տարբերություններին: Նրա ներկայացմամբ, նորմալ է, որ ՀԱԿ-ում ԼՂ խնդրի շուրջ միակարծություն չկա, քանի որ անհնար է, որ 18 կուսակցություններ նույն տեսակետն ունենան այս կամ այն հարցում: Ա. Արզումանյանը նկատեց, որ ՀԱԿ-ն իր ներսում ընդգրկում է ողջ քաղաքական սպեկտրը, որտեղ կան ազգայնականներ, վայրի լիբերալներ, պահպանողականներ, որոնց միավորել է Սահմանադրական կարգը երկրում վերականգնելու ցանկությունը:
«ՀԱԿ-ի հարստություններից մեկն էլ այն է, որ այստեղ կա կարծիքների բազմազանություն: Այսօրվա մեր իրավիճակը, երկրում ստեղծված „բեսպրեդելը“ արդյունքն է նրա, որ չկա կարծիքների բախում, չկա բանավեճ, չկա որեւէ տարաձայնություն: Կա տոտալիտար ռեժիմին հատուկ միակարծություն եւ տոտալ վերահսկողություն էլեկտրոնային մամուլի վրա: Այդ առումով, ես միայն ողջունում եմ, որ կա բանավեճ ՀԱԿ-ում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ-ի անդամ հանդիսացող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ ոչ մի թիզ հող չպետք է զիջել, այնինչ Տեր-Պետրոսյանն այլ կարծիքի է, Ա. Արզումանյանն ասաց, որ բոլորն իրավունք ունեն իրենց տեսակետները հայտնել եւ դրանք անգամ քննարկվում են ՀԱԿ-ի խորհրդում: «Տարբեր ձայներ են հնչում ՀԱԿ-ում, բայց այդ ձայների համազարկն է, որ պետք է արդյունք տա: Երբ ՀԱԿ-ը կփորձի գործել տոտալիտար ձեւով, նա կվերանա որպես ընդդիմություն»,- իր խոսքն ամփոփեց ՀԱԿ-ի անդամը:
Հարցին, թե իսկ ինքն ո՞ւմ տեսակետն է կիսում. Սեֆիլյանի՞, թե Տեր-Պետրոսյանի, Ա. Արզումանյանը պատասխանեց, որ ինքը հնարավոր է համարում հիմնախնդրի «ոչ մի թիզ հող» սկզբունքից մինչեւ ցանկացած այլ սկզբունքով կարգավորում, եթե դա իրականացնում են երկրի օրինական ու լեգիտիմ իշխանությունները: Նրա խոսքով, ՀԱԿ-ում մի հարցում միակարծիք են, որ ոչ լեգիտիմ իշխանությունը ի վիճակի չէ այնպիսի լուծում առաջակել, որը ձեռնտու կլինի հայկական կողմի համար եւ արդյունքում նրան պարտադրելու են լուծում:



















