Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ին կայացած նիստում հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Այժմ գործող օրենսդրության համաձայն, գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի, իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջարկվող փոփոխությունը նախատեսում է, մասնավորապես, այդ շրջանակի մեջ ընդգրկել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ այս կերպ խախտվում է իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը, գործադիր իշխանությունն արդարադատության համակարգի վրա ազդելու ավելի մեծ լծակներ է ստանում՝ լիակատար կախման մեջ գցելով հայաստանյան դատարանները, որոնք առանց այն էլ երբեք չեն փայլել անկախությամբ եւ անկողմնակալությամբ: