Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանը ճգնաժամի կարգավորման նոր ծրագիր է փոխանցել, որը պարունակում է այլընտրանքային երեք տարբերակ: Star թերթին ծրագրի մասին պատմել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ծրագիրը մշակված է կղզու տարածքում իրականացրած նավթի եւ գազի ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ թուրք նախարարի՝  ծրագրին արդեն ծանոթացել են ՄԱԿ-ը եւ «շահագրգիռ կողմերը»:

Առաջին այլընտրանքը նախատեսում է  Կիպրոսում միասնական պետության ստեղծում եւ հույն ու թուրք համայնքների կողմից  ածխաջրածինների համատեղ ուսումնասիրություն: Ըստ Դավութօղլուի՝ «բնական հարստությունները նույնպես պետք է պատկանեն նոր միասնական Կիպրոսին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եթե առաջին տարբերակը չգործի, ապա առաջարկվում է ձեւավորել էներգակիրների մշակման եւ իրականացման  հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով: Երկրորդ տարբերակի տապալման դեպքում էլ Անկարան առաջարկում է Կիպրոսի խնդիրը լուծել կղզում երկու պետությունների գոյության հիմքում, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:

Կիպրոսը դե ֆակտո բաժանվել է 1974թ.՝ Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո:  Կղզին բաժանված է Կիպրոսի Հանրապետության (ԵՄ անդամ) եւ միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության: