ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեն կկազմի 446,9 մլրդ դրամ, որից շուրջ 417 մլրդ դրամը կուղղվի պետական պարտքի սպասարկմանը։ Այս մասին նշված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում։
Միաժամանակ, Առողջապահության նախարարությանն ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել շուրջ 348,1 մլրդ դրամ։
Ամենախոշոր ուղղություններից մեկը լինելու է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայությունների ծրագիրը՝ շուրջ 276 մլրդ դրամ բյուջեով։ Այսպիսով, միայն այս ծրագրի իրականացման համար նախատեսված գումարը կկազմի ողջ պետական բյուջեի շուրջ 6,8 տոկոսը։
Բժշկական ենթակառուցվածքների բարելավման և կարողությունների զարգացման ծրագրին կհատկացվի 1,3 մլրդ դրամ։
Առաջնային բժշկասանիտարական օգնության օղակում (պոլիկլինիկաներում) մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը կտրամադրվի 9,4 մլրդ դրամ, իսկ շտապօգնության ծառայությանը՝ 2,3 մլրդ դրամ։
Սոցիալապես անապահով անձանց և հատուկ խմբերի ներկայացուցիչների համար բժշկական օգնության հասանելիության մեծացման, ինչպես նաև ծառայությունների մատուցման հասցեականության բարելավման ծրագրին կհատկացվի շուրջ 10,9 մլրդ դրամ։





























