Իրանն ԱՄՆ-ի հետ համաձայնության չի գնա, եթե Վաշինգտոնը հաշվի չառնի Թեհրանի շահերն ու չկատարի նրա պահանջները։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Որևէ համաձայնություն չի լինելու, իսկ Հորմուզի նեղուցը չի բացվելու և անվտանգ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերացրել ծովային շրջափակումն ու չի ընդունել Իրանի օրինական պահանջները», — նրա խոսքն է մեջբերում «Ալ Ջազիրան»։

Բաղային նշել է, որ ներկայումս ճգնաժամի հանգուցալուծման միակ իրատեսական նախաձեռնությունը նեղուցի բացման յոթօրյա ծրագիրն է, որը Թեհրանը Վաշինգտոնին էր ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրանական պատվիրակության՝ Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջարկը դեռևս ուժի մեջ է, և «գնդակն ամերիկյան դաշտում է»։

Ըստ իրանական կողմի տեսլականի՝ յոթօրյա այս ծրագրի կյանքի կոչման դեպքում կողմերն այնուհետև կկարողանան անցնել այնպիսի բանակցությունների, որոնք միտված կլինեն ռազմական դիմակայություն հրահրած խնդիրների կարգավորմանը։

Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին ամիսներին Իրանի նկատմամբ ծովային շրջափակում են իրականացնում։ Ենթադրվում է, որ նման քայլերը Թեհրանին տնտեսական ծանր հարված կհասցնեն և կստիպեն Վաշինգտոնի հետ բանակցություններում գնալ զիջումների։