Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԳՆ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջեւ հետագա համագործակցության սերտացման շուրջ:




























