Մոլդովայի ընդդիմադիր Քաղաքացիական կոնգրեսը մարտի 28-ին բողոքի ակցիա է սկսել իշխանության ղեկին գտնվող լիբերալ-դեմոկրատական դաշինքի դեմ:
Անցած տարի ստեղծված հասարակական կազմակերպության եւ նրանց միացած Կոմունիստների կուսակցության հարյուրավոր կողմնակիցներ անցել են Քիշնեւի կենտրական մայրուղիներից մեկով` դեպի պետական գրասենյակ, որտեղ նստում է նախագահ Նիկոլայ Տիմոֆտին: Ոստիկանությունը խանխել է ցուցարարների առաջխաղացումը, տեղի են ունեցել բախումներ, բայց բարեբախտաբար տուժածներ չկան, հայտնում է «Նովոստի-Մոլդովան»:
«Այսօրվա բողոքի ակցիայի միակ նպատակը խորհրդարանի ցրումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»,- ասել է Քաղաքացիական կոնգրեսի առաջնորդներից, ՄԱԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում Մոլդովայի նախկին ներկայացուցիչ Ալեքսեյ Տուլբուրեն:
Մոլդովան գտնվում է քաղաքական փակուղում, կառավարությունը մարտի 8-ին պաշտոնանկ է արվել, իսկ կառավարող կոալիցիայի կուսակցությունները չեն կարողանում կիսել իշխանությունը:




























