Իտալացի ձախակենտրոնների առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանիին մեկ շաբաթ բանակցություններից հետո չի հաջողվել ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Մյուս կուսակցությունների առաջադրած պայմանները նա անընդունելի է անվանել:

Հիշեցնենք, որ Բերսանիի Դեմոկրատական կուսակցությունը փետրվարի ընտրությունների արդյունքներով ստացել էր խորհրդարանի ստորին պալատի վերահսկումը, սակայն նրան մի քանի ձայն էր պակասել Սենատում մեծամասնության եւ ինքնուրույն կաբինետ ձեւավորելու համար: Բանակցություններին մասնակցող երկու այլ քաղաքական ուժերը նախկին երգիծաբան Բեպե Գրիլոյի  «Հինգ աստղն» է, որն ստացել էր ձայների 25%-ը, եւ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն դաշինքը: 

Ավելի վաղ Բեռլուսկոնին ձախակենտրոններին առաջարկել էր ձեւավորել ընդլայնված ազգային կոալիցիա, սակայն Բերսանին մերժել էր՝ հայտարարելով, որ իր եւ Բեռլուսկոնիի միջեւ բավականին մեծ մշակութային անդունդ կա: Մինչդեռ Բեպ Գրիլոն կտրականապես հայտարարում է Բերսանիի հետ աշխատելու ցանկության բացակայության մասին: Օրերս Բերսանին էլ ասել էր, որ այժմ միայն խելագարը կցանկանար կառավարել Իտալիան, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն մարտի 29-ին խորհրդակցությունների նոր փուլ կանցկացնի երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` փակուղուց ելք գտնելու համար:  Ստեղծված իրավիճակում նախագահը կարող է կամ որեւէ մեկին հանձնարարել կառավարության ձեւավորելու փորձ կատարել, կամ էլ նոր ընտրություններ անցկացնել: