Մարտի 29-ի գիշերը Կիմ Չեն Ընը հրաման է ստորագրել ԿԺԴՀ-ի հրթիռային զորքերը մարտական պատրաստականության վիճակի բերելու մասին՝ Հարավային Կորեայում եւ Խաղաղ օվկիանոսում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին հարվածելուն պատրաստ լինելու համար, հայտնում է հյուսիսկորեական պաշտոնական տեղեկատվական գործակալությունը:
Կիմ Չեն Ընը արտակարգ ժողով է անցկացրել երկրի ռազմական ղեկավարության հետ, որտեղ հայտնել է, որ ընթացիկ պայմաններում «եկել է ամերիկյան իմպերիալիստների հետ հաշվեհարդար տեսնելու ժամանակը» եւ խոստացել է «մեկ հարվածով թշնամու կայանները մոխրի վերածել», հայտնում է lenta.ru-ն:
ԿԺԴՀ-ի գործողությունները ձեռնարկվել էին Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների ընթացքում միջուկային զենք տեղ հասցնելու ունակ B -2 ռմբակոծիչների գործարկելուց մի քանի ժամ անց:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Հարավային Կորեայի զինված ուժերը առավելագույն ակտիվություն են նկատել ԿԺԴՀ-ի միջին եւ մեծ հեռավորության հրթիռային ստորաբաժանումներում: «Հավանականություն կա, որ նրանք իրական հարված կհասցնեն»,- կարծում է աղբյուրը։
Ըստ Սեուլի մասնագետների` ԿԺԴՀ-ում ռազմական հերթապահության են հանվել հազար բալիստիկական հրթիռներ: Դրանցից 700-ը նորացված խորհրդային «Սկադ» հրթիռներ են` թռիչքի 300-500 կմ հեռավորությամբ, իսկ բալիստիկական հրթիռներից 300-ը «Նոդոն» են։ Դրանք կարող են ոչնչացնել թիրախները Հարավային Կորեայում եւ Ճապոնիայի տարածքի մեծ մասում:
Նախկինում ԿԺԴՀ-ն արդեն հայտարարել էր սադրանքի դեպքում ԱՄՆ-ին հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: ԿԺԴՀ-ի հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ կտրուկ վատացել էին, երբ փետրվարին Փհենյանը միջուկային փորձակումներ էր իրականացրել, որոնց պատասխանը դարձել էին միջազգային հանրության նոր խիստ պատժամիջոցները: Իր հերթին Հյուսիսային Կորեան միակողմանի լուծել էր Հարավայինի հետ հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաեւ ՄԱԿ-ին նախազգուշացրել էր, որ թերակղզին գտնվում է «միջուկային պատերազմի շեմին»:




























