Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Ռուսաստանի ոչ առեւտրային կազմակերպություններում կատարված ստուգումներից: ԱՄՆ-ում կարծում են, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության գործունեության քայքայմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Rbc-ն հայտնում է, որ մարտի 21-ից իրավապահները ստուգայցեր են անցկացրել 90-ից ավելի ՀԿ-ներում, այդ թվում՝  «Ագորու», Amnesty International, «Մեմորիալ» կազմակերպություններում, Human Rights Watch եւ Transparency International կազմակերպությունների մոսկովյան գրասենյակներում:

«Դա իր տեսակի մեջ «կախարդների որս» է», - ասել է պաշտոնյան, տեղեկացնում է Պետդեպի կայքը: Նուլանդը նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փակվելուց հետո էլ Վաշինգտոնը շարունակում է աջակցել երկրում որոշակի ծրագրերի, սակայն կազմակերպությունների անուններ չի նշել՝ դրանց չվնասելու համար»:

Նախօրեին Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները պաշտոնապես պարզաբանել էին զանգվածային ստուգումները: Պարզվել է, վերահսկող գերատեսչությունը ազգայնական եւ կրոնական ուղղվածության ծայրահեղական կազմակերպություններ է փնտրում: Համանման հայտարարությանբ նախօրեին հանդես էր եկել նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սակայն «Կոմերսանտը» պարզել է, որ դատախազության հնչեցրած նպատակները տարբերվում են գերատեսչության՝ շրջաններ ուղարկված հրամանից: Փաստաթղթում ասված է, որ դատախազները պետք է ուշադրություն դարձնեն «դրսի աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ներին»: