Կամբոջայի բանտում գտնվող ռուսաստանցի գործարար Սերգեյ Պոլոնսկին նախկինի պես իրեն ամենազիլ դեվելոփերն է համարում:  Mirax-ի հիմնադիրը պնդում է, որ կարողացել է ապահովել բանտի ջրատարի անխափան աշխատանքը: 

«Կոմերսանտը» գրում է, որ ռուսաստանցի բանտարկյալին դժվար է չնկատել Սիանուկվիլի բանտի զբոսահարթակում: Նախ, նա բոլորից «մի գլուխ» բարձր է, երկրորդ, 35 աստիճան շոգին նա քովբոյական գլխարկ է կրում, արեւային ակնոց, մարզակոշիկներ, գոտկատեղին սրբիչ է փաթաթած:

Նա քայլում է ավազոտ բակով, մոտենում ծորակին, ջուր ցողում վրան: Ըստ Պոլոնսկիի՝ Prison of Sihanouk բանտի կալանավորները նախկինում ջրից այդպես շռայլորեն օգտվելու հնարավորություն չունեին, սակայն ռուսաստանցի ձեռնարկատիրոջը հաջողվել է ռուսաստանցի ապահովել  ջրատարի անխափան աշխատանքը:  Նրա շրջապատի մարդիկ հաստատում են դա:  Դրան հասնելու համար Պոլոնսկին քիչ գումար չի վճարել բանտի ղեկավարությանը: Համանման կերպով լուծվել են նաեւ էներգամատակարարման եւ այլ կենցաղային խնդիրներ:

Բանտի ներկայացուցիչները Պոլոնսկիի անսովոր հանդերձանքն այսպես են մեկնաբանել. «Նա շատ բարձրահասակ է, համապատասխան հագուստ չճարվեց»: Իսկ անխափան  ջրամատակարարման վերաբերյալ հարցին ի պատասխան պաշտոնական անձը  լռել է, սակայն ժպիտից պարզ է դարձել, որ ռուսաստանցու մատը խառն է եղել այդ գործում: