Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարեւորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ:
Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Սրբազան Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի օրհնության խոսքից հետո ելույթներով հանդես են եկել ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության ներկայացուցիչները:
Այնուհետեւ կայացել է ԵԿՄ մեդալների եւ պատվոգրերի շնորհման արարողությունը, որի ընթացքում պարգեւատրվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի Թեմակալ առաջնորդը, Արցախի ազատագրմանը մասնակցած ԵԿՄ անդամներ, ֆրանսահայ բժիշկներ, լրագրողներ եւ շարժման տարիներին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը ցուցաբերած այլ անհատներ:




























