Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին Հայաստանի ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրել են ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Նշենք, որ Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաեւ օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար: