ԱՄՆ-ն ամենայն լրջությամբ է վերաբերվում հյուսիսկորեական սադրանքներին եւ կարձագանքի դրանց, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումները մարտական լիարժեք պատրաստականության վիճակի բերելու եւ ամերիկյան կայաններին հարվածելու Փհենյանի սպառնալիքներին, հայտնում է «Ինտերֆաքսը»: 

«Հյուսիսկորեացիները պետք է հասկանան՝ այն, ինչ անում են, վտանգավոր է», -Պենտագոնում կայացած ճեպազրույցում ասել է Հեյգելը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Հարավային Կորեային, Ճապոնիային եւ այլ դաշնակիցների   պետք է հստակ հասկացնի, որ «ամենայն լրջությամբ ենք ընդունում Հյուսիսի սադրանքները եւ կարձագանքենք դրանց»:

Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ Փհենյանի հատարարությունների եւ գործողությունների ռազմատենչ տոնը վերջին մի քանի շաբաթներին մեծացրել է տարածաշրջանի լարվածությունը: «Եվ մենք պետք է հասկանանք այդ իրականությունը», - ասել է նա:

Հեյգելը մատնանշել է, որ նախորդ հինգշաբթի Հարավային Կորեայում ամերիկյան երկու ռազմավարական Բ-2 ռմբակոծիչների թռիչքը Վաշինգտոնի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների մասն էր եւ Փհենյանի արձագանքը հրահրելու մտայնություն չուներ: Դա ուղերձ էր ԱՄՆ-ի դաշնակիցներին, որ նրանք մենակ չեն:

NEWS.am-ը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը մարտի 29-ի գիշերը Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումները ԱՄՆ-ի եւ եւ Հարավային Կորեայի ռազմակայաններին հարվածելու համար մարտական լիարժեք պատրաստականության վիճակի բերելու հրամանագիր է ստորագրել: