Հայաստանի կառավարության հերթական նիստի ժամանակ այսօր՝ փետրվարի 19-ին շենքի առջեւ ակցիա էին անում նաեւ Նոր Նորքի 1-ին զանգվածի Նոր Ջուղայի փողոցի 5-րդ շենքի բնակիչները, որոնց սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը:
Բնակիչների խոսքով, արդեն երեք տարի է նրանք ապրում են այս վթարային շենքում: Բնակիչները սեփականատեր չեն, սակայն չորս պատը տրամադրելիս խոստացել են չվտարել, իսկ այժմ պահանջում են ազատել շենքը, քանի որ տեղում նոր շենք է կառուցվելու:
Նշենք, որ բնակիչները այստեղ երկու տարի շարունակ ապրել են առանց հոսանքի եւ ջեռուցման, այլ հնարավորությունների, միակ միջոցը եղել է փայտի վառարանը: Շենքում երկար ժամանակ նույնիսկ ջուր չի եղել, կարճ ասած, պարզապես ծածկ է եղել պատսպարվելու համար:
«Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, որ լույս չունենք, սակայն միշտ խոչընդոտվել է, քանի որ ծրագրել են շենքը քանդել: Ընտրությունների ժամանակ մեզ հաշվառել են, թղթեր են բաժանել, մենք գնացել ենք ընտրել ու այդ ժամանակ իրենք մեզ խոստացան, որ գոնե հոսանքի հարցը կլուծեն, բայց մինչ օրս մոմի լույսի տակ ենք անցկացնում»,- նշել են շենքի բնակիչները:
Վերջիններս NEWS.am-ի թղթակցին ասել են, որ ոստիկանները եկել են բնակարան առ բնակարան, սպառնացել, որ կարճ ժամանակում լքեն բնակարանները: «Մենք չենք կարող դուրս գալ, մեր շենքում հաշմանդամներ են ապրում, եթե դուրս գանք, հայտնվելու ենք փողոցում, վարձով ապրելու հնարավորություն էլ չունենք»,-դժգոհել են նրանք:



















