Փետրվարի 18-ին Շիրակի եւ Լոռու մարզերի թվով մոտ 500 անհատ տաքսիների վարորդները Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ պատասխանել են իշխանությունների առաջարկներին:

Նշենք, որ անհատ տաքսիների վարորդներն այսօր դիմել էին ՀՀ օրենսդիր, գործադիր իշխանություններին եւ Գյումրու քաղաքային իշխանություններին՝ պահանջելով հաշվի առնել իրենց շահերը:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ոլորտը կարգավորող օրենսդրության հնարավոր փոփոխությունների տարբերակ էր առաջարկել տաքսիստներին, ըստ որի 10 տարուց ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների` տաքսի ծառայություններ չմատուցելու արգելքը սառեցվում է մեկ տարով, լիցենզիայի վճարը կազմում է 25.000 դրամ, մեքենայում հաշվիչ տեղադրելու պահանջը հանվում է, դեղին պետհամարանիշները կհատկացվեն անվճար, միավորումների դեպքում բժշկի եւ մեխանիկի հաստիքներ ունենալու պահանջը հանվում է, ամսական կենսաթոշակային հիմնադրամին պիտի 10-12 հազար դրամ վճարումներ անել, որին` կուտակային համակարգի անցնելու դեպքում` պետությունը կավելացնի 25%:

Տաքսու վարորդներն, ուսումասիրելով այս առաջարկները, հայտարարել են հետեւյալը. Նախ անընդունելի է, որ անհատ տաքսիները ստիպված են լինելու դեղին պետհամարանիշեր կրել, թեկուզ անվճար, քանի որ դա կաշկանդում է տաքսի ավտոմեքենայի տեղաշարժման ազատությունը: Անընդունելի է համարվել նաեւ ամսական 25 հազար դրամի վճարը եւ կենսաթոշակային ու հարկային ամսական վճարումներ կատարելը, քանի որ իրենց եկամուտները դա թույլ չեն տալիս, հատկապես, որ տաքսու վարորդները ամեն օր չէ, որ աշխատում են:

Փոխարենը նրանք առաջարկում են ներդնել ամսական հաստատուն վճարումների կտրոնային համակարգ, երբ վարորդները տաքսի ծառայություն մատուցելու ցանկության դեպքում կգնեն ամսական ստանդարտ կտրոն, կփակցնեն դիմապակուն եւ կվարեն ավտոմեքենան այդ ամբողջ ամսվա ընթացքում: Այդպիսով կստացվի, որ պետությանը (կամ համայնքին) այդ գործունեության համար կվճարեն որոշակի հարկ: Նրանք նաեւ համաձայնել են ամսական 2-2,5 հազար դրամի փոխարեն վճարել 3-3,5 հազար դրամ (տարեկան 42-48 հազար դրամ): Տաքսու վարորդները չեն ընդունում նաեւ 10 տարուց հին մեքենաների համար նախատեսված արգելքը, քանի որ եթե մեքենան տեխզննում է անցել, ուրեմն անվտանգ է, հատկապես, որ ավտոբուսներ կան, որոնց տարիքը 20-ից էլ ավել է:

«Մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, չենք չիջելու, որովհետեւ զիջելու եւ կորցնելու գրեթե ոչինչ չունենք։ Ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, իսկ ծայրահեղ դեպքում` օտար երկրների իշխանություններին` արտագաղթի եւ աշխատանք գտնելու համար»,- ասված է Շիրակի եւ Լոռու մարզի` թվով 850 անհատ տաքսու վարորդների հայտարարության մեջ: