Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշել է, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարեւոր հանգրվան է հանդիսացել ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաեւ կազմակերպությանը կից գործակալությունների հետ համագործակցության զարգացման առումով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վանդա Դիեբոլթը բարձր է գնահատել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար գործադրվող ջանքերը՝ նշելով, որ այսօր հայկական չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանոկֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ լեզվական պակտի ստորագրումը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում Սենգորի ամբիոնի հիմնադրումը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ակադեմիական նվաճումների կենտրոնի եւ Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի բացումը, որոնք հավելյալ խթան կհանդիսանան Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրերի ընդլայնման վերաբերյալ: