Հայաստանի զինված ուժերում «Մարտադաշտում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում» դասընթացի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ս.թ. մարտի 25-ից 29-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Կանզասի ազգային գվարդիայի աշխատանքային խումբը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայիսին մեկնարկող դասընթացը բաղկացած է լինելու երկու մասերից` ականադաշտում ստացված վնասվածքների դեպքում եւ վիրավորվածներին դաշտային պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը: Դասընթացը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից:

ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական, ինժեներական զորքերի վարչությունների եւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես նշված դասընթացի կազմակերպմանը, այնպես էլ այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներն այցելել են նաեւ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ եւ ծանոթացել բրիգադի բժշկական դասակի կողմից իրականացվող խնդիրներին եւ բրիգադի բժշկական կարողություններին: