Կարո՞ղ եք նշել 1997 թվականին առաջարկվող տարբերակի եւ ներկա մադրիդյան սկզբունքների միջեւ առկա համեմատական առավելություններն ու թերությունները եւ ո՞ր տարբերակն եք ավելի նախընտրելի համարում: Այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նախ նշեց, որ անհնար է արդեն համաձայնագրի տեքստ ստացած տարբերակը համեմատել սկզբունքների հետ, քանի դեռ այդ սկզբունքներից բխող փաստաթուղթ չի ներկայացվել: Նրա խոսքով, «մադրիդյան փաստաթղթում առկա բոլոր 6 սկզբունքներն անընդունելի են թե Հայաստանի, թե ԼՂ համար, դրանք չեն բխում Հայաստանի ազգային շահերից եւ այդ առումով նման սկզբունքների հիման վրա ձեւակերպված որեւէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար»:

Այնուհետեւ, մասնավորեցնելով իր կարծիքը, մի քանի նկատառումներ ներկայացրեց այդ սկզբունքների վերաբերյալ:

Նախ՝ զորքերի դուրս քաշման մասին

«Մինչեւ մադրիդյան սկզբունքների հրապարակումը խոսքը գնացել է հայկական կամ ԼՂ-ի զորքերի դուրս քաշման մասին, ինչը ենթադրում է լրացուցիչ համաձայնագրեր. Այսինքն դուրս քաշելուց հետո ի՞նչ ռեժիմ է գործելու, ո՞վ է զորքեր մտցնելու, այդ զորքերը ի՞նչ սպառազինություն են ունենալու, հնարավորություն ունենալո՞ւ են ադրբեջանական ոստիկանական ուժերը վերադառնալ այդ տարածքներ եւ ինչ սպառազինությամբ եւ այլն: Այսօրվա ձեւակերպման մեջ արդեն խոսք է գնում ոչ թե զորքերի դուրս քաշման, այլ տարածքներն Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադարձնելու մասին: Սա արդեն ակնհայտորեն մատնանշում է այն ուղղությունը, որով տանում են բանակցությունները, եւ որն անընդունելի է մեզ համար»,- ասաց Ա. Արզումանյանը:

Կարգավիճակի մասին

«Մադրիդյան սկզբունքներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղին այս պահին պայմանագիրը ստորագրելուց հետո տրվելու է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի ժողովրդի անվտանգությունն ու ինքնակառավարումը: „Ինքնակառավարում“ բառն ինքնին շատ մտահոգիչ է, որովհետեւ 10 տարուց ավելի ՀՀ իշխանությունները թմբկահարում են որպես հաջողություն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը դարձել է բանակցությունների հիմք, իսկ այսօր այդ ինքնորոշման դրսեւորումներից ընտրվել է ամենանվազագույնը` „ինքնակառավարումը“: Տեղական ինքնակառավարում ՀՀ-ն ընդունել է 1995 թվականի Սահմանադրությամբ, որով համայնքներն ինքնակառավարվում են: Եթե խոսք է գնում նրա մասին, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակը լինելու է ինքնակառավարումը Ադրբեջանի ունիտար հանրապետությունում, սա բացարձակ անընդունելի է, եւ այստեղ նշույլ իսկ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի բավարարման մասին»,- ընդգծեց նախկին ԱԳ նախարարը:

Հանրաքվեի մասին

«Հրապարակված սկզբունքների տեքստում խոսք է գնում ոչ թե հանրաքվեի, այլ իրավական ուժ ունեցող կամարտահայտության մասին: Սա բավականին հեղհեղուկ եւ շատ վտանգավոր ձեւակերպում է, որի տակ կարելի է հասկանալ ցանկացած բան. Օրինակ Բակո Սահակյանի հայտարարությունն առ այն, որ ըստ իրեն՝ ԼՂ-ի ողջ ազգաբնակչությունը կցանկանար ունենալ այս կամ այն կարգավիճակը:

Կա միջազգայնորեն ընդունված հանրաքվե եզրույթը, որը նաեւ վերջին տարիներին ՄԱԿ-ի հովանու ներքո կիրառվել է թե Կամբոջայում, թե Նոր Կալեդոնիայում, թե այլ տարածքներում եւ պարտադիր է եղել կողմերի համար: Եթե դու օգտագործում ես մեղմասացություն եւ հանրաքվեի փոխարեն օգտագործում ես ինչ-որ անհասկանալի, իրավաբանորեն անընկալելի մի արտահայտություն, դա նշանակում է, որ ռեֆերենդումի վերաբերյալ որեւէ համաձայնություն դեռեւս չկա եւ համապատասխան այն բանի, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները, այդ եզրույթը կստանա կողմերի համար ավելի ընդունելի ձեւակերպում»,- նշեց նա: