Աշխարհում գիտության զարգացմամբ առաջատար երկրներ են ճանաչվել Իրանն ու Թուրքիան։ Այս մասին նշված է Science-Metrix ընկերության հրապարակած հաշվետվությունում, որը կատարվել է 30 տարվա հետազոտությունների հիման վրա։
Ընդ որում՝ ասիական երկրների շարքում, տպագրված գիտական հոդվածների քանակով առաջատարը կրկին Իրանն է։ Իրանի գիտնականների հոդվածները հիմնականում վերաբերել են անօրգանական, միջուկային քիմիային եւ ֆիզիկային, ֆիզիկայի էլեմանտար մասնիկներին եւ միջուկային էներգիային։ Ուշագրավ է, որ Իրանում 30 տարիների ընթացքում միջուկային էներգիայի վերաբերյալ 250 անգամ ավելի շատ հոդված է տպագրվել, քան ամբողջ աշխարհում։
Ըստ հաշվետվության՝ 1980 թվականին տպագրվել է 450 հազար գիտական հոդված, իսկ 2009 թվականին՝ 1,5 մլն։ Այս աշխատանքների 29 տոկոսը գրվել է Ասիայում ապրող գիտնականների կողմից, 36 տոկոսը՝ եվրոպացիների, իսկ 28 տոկոսը՝ ամերիկյան գիտնականների կողմից։ 1980 թվականի համեմատ աճ է ապրել ասիացի գիտնականների հոդվածների քանակը։ Հաշվետվությունում նշված է, որ նախկին ԽՍՀՄ անդամ պետություններում գիտական հոդվածների քանակը աղետալի անկում է ապրել, եւ աննշան աճ է ունեցել միայն 2006 թվականին։




























