Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության վարչապետ Նիկոլաս Տյանգայեն հրապարակել է ժամանակավոր կառավարության կազմը, որի ձեւավորման մասին նախկինում հայտարարել էր իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոթոդիան, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` վկայակոչելով  տեղական ռադիոյով հեռարձակված Տյանգայեի հայտարարությանը: 

Կառավարության կազմում ընդգրկվել են 34 նախարարներ, որոնցից ինը ապստամբ «Սելեկա» դաշինքի անդամներ են, ութը` նախկին ընդդիմության ներկայացուցիչներ, եւ մեկը` տապալված եւ երկրից փախած ԿԱՀ-ի ղեկավար Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցը:
Նախկինում հաղորդվել էր, որ Ջոթոդիան անձամբ է գլխավորել հինգ նախարարություններ, սակայն ըստ վերջին տվյալների` նրա վերահսկման ներքո է միայն պաշտպանության նախարարությունը: Մնացած նախարարները տարբեր քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների անդամներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտի 24-ին ԿԱՀ-ի մայրաքաղաքը զավթել էին «Սելեկա» ապստամբ դաշինքի գրոհայինները: Ապստամբների առաջնորդ Միշել Ջոթոդիան իրեն հռչակել էր երկրի նախագահ: Ընդ որում նա հայտնել էր, որ  գործում է հունվարի 11-ին ԿԱՀ-ի եւ ընդդիմադիրների միջեւ կնքված համաձայնագրի ոգուն համապատասխան, ըստ որի` ընդդիմադիր Տյանգայեն ստացել էր իր պաշտոնը: ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել էր ապստամբների կողմից իշխանության զավթումը` կոչ անելով վերականգնել սահմանադրական կարգուկանոնը: