ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի մասնակցել է Զատկի պատարագին: Կնոջ` Միշելի եւ դստրեր Սաշայի եւ Մալիայի հետ նա այցելել է Սպիտակ տան դիմաց գտնվող Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցի:

Արեւմտյան քրիստոնյաները Զատիկը տոնել են մատի 31-ին: Պատարագի ժամանակ նախագահը եւ նրա ընտանիքի անդամները հաղորդություն են ստացել: Երբ նրանք իրենց տեղերն են վերադարձել, հավատացյալները ողջունել են նրանց: Պետության ղեկավարը սեղմել է նրանցից մի քանիսի ձեռքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սուրբ Հովհաննեսի եկեղեցին անվանում են «նախագահական»: Այդ եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում 1815թ., այն այցելել են պետության ղեկավարները` սկսած Ջեյմս Մեդիսոնից:  Եկեղեցում նույնիսկ հատուկ նախագահական նստարան կա, որին ամրացված է համապատասխան ցուցանակ:  Օբաման նախկինում այստեղ Զատկի պատարագներին այցելել էր 2009 եւ 2012թթ.: